ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀՈԳՈՒՄ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀՈԳՈՒՄ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ
07.05.2010 | 00:00

Նիկոլո Մաքիավելին ասում էր` պատերազմներն սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են: Ցավո՞վ էր ասում, դառնությա՞մբ, թե՞ հեգնանքով` 500 տարվա հեռավորությունից դժվար է պարզել, բայց պարզ է, որ Մաքիավելին պատերազմները համարում էր անխուսափելի` իր անկանոն-անկայուն ժամանակներում: Պատերազմներն իրոք անխուսափելի են եղել և՛ նրանից առաջ, և՛ նրանից հետո:
Ամեն ժողովուրդ ունեցել է իր հաղթանակներն ու պարտությունները: Պատմությունն ընդհանրապես պատերազմների ու խաղաղության հերթագայություն է` կարճատև կամ երկարատև դադարներով, որոնց ընթացքում մարդկությունը կառուցել է քաղաքներ, հայտնագործություններ ու հեղաշրջումներ արել։
Պատերազմներում, ինչպես խաղաղության մեջ, կռվում են զինվորները, իսկ հաղթում կամ պարտվում են զորավարները: Հետո գալիս են պատմաբաններն ու օրվա քաղաքականության դիտանկյունից արդարացված ու անհրաժեշտ բացատրություններ են գտնում հաղթանակներին ու պարտություններին: Դասագրքային և իրական պատմության ներկայացվող տարբերակները հազվադեպ են համապատասխանում իրար. դա էլ է պատերազմ, գուցե ավելի դաժան, որովհետև այդ պատերազմին զոհում են ճշմարտությունը, հիշողությունը, գիտակցությունն ու մեկ էլ այն անըմբռնելին, որ կոչվում է ոգի:
Իհարկե, կարող էինք գրել, որ հայ ժողովուրդը տարբեր դարերում մայիսյան հաղթանակները ծառայեցրել է իր գոյատևմանը, որ Ավարայրից Սարդարապատ, Սարդարապատից Շուշի, իսկ դարակեսին էլ Բեռլինում հայ զինվորներն ընդամենը պաշտպանել են իրենց տունը: Կարող էինք թվեր ու փաստեր մեջբերել` դեմքեր, դեպքեր, անուններ` հաստատելու դա, բայց չենք անում:
Իհարկե, կարող էինք տասնյակ մեջբերումներ անել հայ և օտար գրողներից, բանաստեղծներից, փիլիսոփաներից, քաղաքական գործիչներից, որոնք նզովում են պատերազմն ու փառաբանում հաղթանակը, որոնց ոգեշունչ, դիպուկ, կողմնորոշող խոսքը համոզում ու համակում է, բայց իմաստ չենք տեսնում:
Փոխարենն ուզում ենք հիշել բոլոր նրանց, որոնց կյանքը խլեց պատերազմը, և խոնարհվել նրանց չկատարված երազների, չկայացած սիրո ու կարոտի, չծնված երեխաների, նրանց հարազատների հավերժական կսկիծի առաջ: Եվ կարևոր չէ, որ դա նրանց պետք չէ: Դա մեզ է պետք, որովհետև կյանքը շարունակվում է, որովհետև Նիկոլո Մաքիավելին ճիշտ էր` պատերազմներն սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են, իսկ դա նշանակում է, որ մարդկությունը չի ավարտելու կռիվ-կռիվ խաղալը, և պատմության դասագրքերում ու պատմության էջերում ավելանալու են անուններ, թվեր, փաստեր, որոնք փոխելու կամ չեն փոխելու սահմանները, սակայն ավերելու են մարդկային ճակատագրեր: Մեկ մարդու մահը ողբերգություն է, հազարավորներինը` վիճակագրություն։ Այսպես եղել է, այսպես կա, այսպես լինելու է:
Իսկ ամենից շատ ուզում ենք հիշել ու հիշեցնել Վազգեն Սարգսյանի խոսքը. «Իմ հոգուն ավելի հարազատ է «ագրեսորը», քան «մազապուրծը»։ Իսկ ամենից շատ ուզում ենք, որ հանուն բոլոր հաղթանակների ու ի հեճուկս բոլոր պարտությունների մենք պահպանենք ոգին: Ի վերջո, փաստարկներն սպառվում են, զենքերը ժանգոտվում են, փամփուշտները վերջանում են, հաղթում են հոգով ուժեղները, պարտվում են հոգում պարտվածները:
Գուցե սա է այն ամենակարևոր դասը, որ չենք սովորել ոչ մի պատերազմից առաջ և հետո, որով չենք ապրել ոչ մի խաղաղություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ